Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը որեւէ ակնկալիք չունի դատական մարմիններից, որ դեկտեմբերի 9-ին իր վրա հարձակված անձինք արժանի պատիժ կկրեն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆոտոլրագրողը հայտնեց, որ առաջին անգամ չէ, որ իր վրա հարձակում կատարող անձը կալանավորվում է: «Տարիներ առաջ էլ, երբ Նուբարաշենի թաղապետի եղբայրը հարձակվեց ինձ վրա, նա կալանավորվեց, երեք օր մնաց մեկուսարանում, որից հետո դատարանը նրան գրավով ազատ արձակեց, ապա քրեական գործը կարճվեց: Իսկ մնացած քրեական գործերով որեւէ անձ գոնե նախնական պատիժ չի ստացել»,- նշեց Շամշյանը եւ հավելեց. «Սա առաջին դեպքն էր, երբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանքը, մյուսի նկատմամբ` 600 հազար դրամ գրավը» : Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այսօր կամ վաղը եւս երկու անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ քննիչը դիմելու է դատարան:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունի գործի հետագա քննությունից, Գագիկ Շամշյանը պատասխանեց. «50/50: Ճիշտն ասած, հույս էլ չունեմ դատական համակարգից: Դատական մարմիններին չեմ հավատում: Ոստիկանությունը օպերատիվ արձագանքեց իմ ահազանգին, դեպքի վայր եկան Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները եւ կատարեցին ու կատարում են քննչական գործողություններ, բայց եթե գործն ուղարկեն դատարան, ես դատարանին չեմ հավատում»:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ի սահմաններում Չարենցի եւ Հերացի փողոցների խաչմերուկում ավտովթարի դեպքը լուսանկարելիս ֆոտոլրագրողի վրա են հարձակվել մի խումբ անձինք, հարվածել ու քաշքշել նրան: Ոստիկանությունը ձերբակալել էր հարձակվողներին: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Քր.օր.-ի 164 (Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը) և 258 (Խուլիգանություն) հոդվածի  հատկանիշներով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արմեն Եղոյանը կալանավորված է, իսկ Արամ Զաքարյանն ազատ է արձակվել գրավի դիմաց: