Դերասանուհի, հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ծրագիրը մինչեւ հունվար եւ ավելի եթեր կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Նազենի Հովհաննիսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված լուրերին, թե ինքը տեղափոխվում է «Արմենիա» հեռուստաընկերություն: Նա նշեց, որ մինչեւ հունվարի վերջ կոնկրետ որոշած բան չկա, եւ առհասարակ չգիտի` վաղը կլինի՞ այս երկրում, թե` ոչ:
«Ես «Արմենիայից» առաջարկ ստանում եմ 10 տարի շարունակ, ինչ աշխատում եմ «Հանրայինում», ամեն տարի` տարին երեք անգամ: Ինչ-որ հատուկ առաջարկ չկա: Եթե ես գնամ «Արմենիա», դա չի լինի ինչ-որ հատուկ առաջարկի արդյունքում, դա կլինի իմ որոշման արդյունքում»,- նշեց հաղորդավարուհին ` հավելելով, որ եթե այդպիսի բան լինի, այդ մասին կիմանանք:
Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ավագ մեկնաբան, հեռուստալրագրող, Արտակ Հերիքյանն է տեղափոխվել «Արմենիա» հեռուստաընկերություն` որպես լրատվական ծառայության ղեկավար Իսկ ամռանը Հ1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերություն է տեղափոխվել «Բանաձեւ» ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանն` իր թիմով: Սեպտեմբերից «Շանթ» հեռուստաընկերության լրագրող եւ մեկնաբան, «Հորիզոն» եւ «Տեսակետ» ծրագրերի վարող Նվեր Մնացականյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն:




























