Time ամսագիրը տարվա մարդ է ճանաչել  վերացական «Բողոքողին»`դրանով ցույց տալով, որ անցնող տարվա հերոսները դարձել են Մերձավոր Արեւելքի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ցուցարարները: Ամսագրի շապիկին երեսը ծածկած արաբ կին է պատկերված:

Ամսագիրը հիշատակում է «արաբական գարնան», ամերիկյան  ֆինանսական վերնախավի դեմ պայքարող «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցներին, ինչպես նաեւ  ՌԴ խորհրդարանական ընտրություններից դժգոհ ռուս ցուցարարներին, գրում է AP-ը:

Time-ում վստահ են, որ առկա իրավիճակին ընդդիմացող մարդիկ դրական առումով ազդում են քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա:

Բացի բողոքողի հավաքական կերպարից, տիտղոսի թեկնածուների ցուցակում էին նաեւ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը եւ ուրիշներ:

Համաձայն ձեւավորված ավանդույթի` ամսագիրն ամեն տարվա վերջում հրապարակում է տարվա ընթացքում առավել մեծ ազդեցություն ունեցած մարդու անունը: Նախորդ տարի  տարվա մարդ էր ճանաչվել Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ժամանակին  նման կոչման են արժանացել Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջորջ Բուշը, Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ ինտերնետից օգտվողի վերացական կերպարը:

Ընտրություն կարող են կատարել նաեւ ամսագրի ընթերցողները: Այս տարի նրանք ընտրել էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 122 939 մարդ քվեարկել է նրա օգտին: Էրդողանը նաեւ ընթերցողների «հակավարկանիշի» հաղթող է ճանաչվել: Ընդ որում, նրա հակառակորդները կողմնակիցներից շատ են` 180 571 մարդ: