Էնդի Ուորհոլի վրձնին պատկանող Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը Նյու Յորքի Christie`s աճուրդում դեկտեմբերի 14-ին վաճառվել է ավելի քան 662 հազար դոլարով:

Նույն օրը աճուրդի էին դրվել աստղի զգեստները, որոնք վաճառվել են 2,6 մլն դոլարով` գերազանցելով կազմակերպիչների սպասելիքները, տեղեկացնում է աճուրդի պաշտոնական կայքը:

Քրիստիան Դիորի հավաքածուի «արծաթե» զգեստը գնվել է 363 հազար դոլարով:

«Կլեոպատրա» ֆիլմի համար 1963թ. Այրին Շերաֆի ստեղծած ոսկեգույն զգեստը վաճառվել է 63 հազար դոլարով` լոտի 10-12 հազար գնահատված արժեքի դեպքում:

Ջինի Ֆրատինիի հեղինակած զգեստը, որով Էլիզաբեթը երկրորդ անգամ ամուսնացել է Ռիչարդ Բարտոնի հետ, վաճառվել է 62,5 հազար դոլարով, գնահատված արժեքը  10-12 հազար դոլար էր:

Լիզ Թեյլորի ամեն մի զգեստ իր պատմությունն ունի, դերասանուհին դրանք կրել է հիշարժան հանդիսությունների ժամանակ:

Աճուրդում նաեւ ձախողումներ են եղել. օրինակ, Այրին Շերաֆի հեղինակած «Արեւածաղիկ» անունով հայտնի 60 հազար դոլար գնահատված չթե զգեստի համար գնորդ չի գտնվել:

«ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որր հավաքածոււմ ընդգրկված են ХХ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կուտյուրիեների զգեստները:

Сhristie`s աճուրդի տանն այս օրերին անցկացվող աճուրդների շրջանակներում աճուրդի են դրվել նաեւ դերասանուհու զարդերը, որոնց վաճառքից ստացված գումարն արդեն գերազանցել է 137 միլիոնը:

Հիշեցնենք, Էլիզաբեթ Թեյլորը հայկական ծագմամբ հոլիվուդյան հայտնի դերասանուհի է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, լավագույն կանացի դերի համար երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Դերասանուհու մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից է «Կլեոպատրա» ֆիլմը, որտեղ նա եգիպտական լեգենդար թագուհու կերպարով է հանդես եկել:  Է. Թեյլորը մահացել է 2011թ. մարտի վերջին, 79 տարեկան հասակում: