Մինչեւ 2010 թվականը «Նարեկացի» արվեստի միության տնօրեն եղած Սեւակ Արծրունիի հարկային չարաշահումները փորձում են վերագրել միության ներկայիս տնօրեն Նարեկ Հարթունյանին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 15-ին, ասուլիսում հայտարարեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր եւ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի գործով զբաղվող  իրավապաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ, Նարեկ Հարթունյանի դեմ շինծու քրգործը հարուցվել է Սեւակ Արծրունիի ցուցմունքներով, իսկ նրա թիկունքում էլ, այլ մարդիկ կան կանգնած:

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, իրենք կարծում էին, որ Արծրունին կխոստովանի իր մեղքը, բայց հակառակում համոզվելով, միաժամանակ ձեռքի տակ ունենալով ստացականներ ու գրավոր ապացույցներ, հակընդդեմ հայց են ներկայացնելու եւ պայքարը կծավալեն իրավական դաշտում: