Հայաստանի ծանրորդները 2011 թվականին նվաճել են 55 մեդալ` 17 ոսկե, 13 արծաթե եւ 25 բրոնզե մեդալ, Հայաստանը նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի վեց ուղեգիր` չորս տղամարդկանց, երկու կանանց: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն այսօր, դեկտեմբերի 15-ին հրավիրած մամուլի ասուլիսում ամփոփեց մրցաշրջանը:

Սամվել Խաչատրյանը դժգոհ է Փարիզում անկացված աշխարհհի առաջնության արդյունքներից:

«Ցավալի էր մեզ համար Փարիզի Դիսնեյլենդում կայացած աշխարհի առաջնությունը: Ֆեդերացիան ՀԱՕԿ-ի աջակցությամբ արել էր անհրաժեշտ ամեն ինչ հաջող մասնակցության համար, ուսումնամարզական հավաքները լիարժեք անցկացվել էին, սակայն շատ վատ մասնակցեցինք: Մեր ֆեդերացիան այժմ ապահովել է չորս տղամարդկանց եւ երկու կանանց օլիմպիական ուղեգիր: Մրցաշրջանի նվաճումներից են առաջին անգամ պատանիների աշխարհի առաջնությունում եւ Համաշխարհային ուսանողական խաղերում նվաճած ոսկե մեդալները»,- հայտարարեց Սամվել Խաչատրյանը: Անհաջողությունը Սամվել Խաչատրյանը բացատրեց նախորդ տարիների եւ նախաօլիմպիական տարվա ընթացքում կուտակված լարվածությամբ:

Նա հայտնեց, որ ազգային հավաքականի առաջին համարները մինչեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերը մրցումների չեն մասնակցի. նրանք բաց կթողնեն ապրիլին Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, քանի որ չեն հասցնի վերականգնվել եւ նախապատրաստվել մինչեւ լոնդոնյան խաղերը: 

Սամվել Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ Օլիմպիական խաղերին կմասնակցեն առաջատարները, բայց եթե որեւէ մեկն իր բարձրացրած կիլոգրամներով ապացուցի, որ առաջին համարից ավելի արժանի է, ավելի շատ բարձրացնի, ապա նա էլ կմեկնի Օլիմպիական խաղերի:

Ծանրամարտում վնասվածքների շատ լինելը Սամվել Խաչատրյանը բնորոշ է համարում մարզաձեւին, երեւույթն էլ առկա է բոլոր երկրներում, սակայն Հայաստանում ծանրամարտով պրոֆեսիոնալ զբաղվողների թիվը հազարից չի անցնում եւ առաջատարներին հավասարազոր փոխարինողներ քիչ են, այդ պատճառով էլ նրանց վնասվածքներն այդքան շոշափելի են անդրադառնում հավաքականի արդյունքների վրա: