Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն անվանել է «պարգև՝ ազգային շահերը պաշտպանելու համար», գրում է «Новости Грузия» պորտալը։
«Ոչ մի առանձնահատուկ բան, փաստացի սա պարգև է մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կոբախիձեն։
Ըստ նրա՝ «իրականում ոչինչ չի փոխվել», քանի որ Իվանիշվիլին գրեթե երեք տարի եղել է «դե ֆակտո պատժամիջոցների» տակ և ենթարկվել «շանտաժի»։ Նա կրկին հիշատակեց «գլոբալ պատերազմի կուսակցությունը», որն, ըստ «Վրացական երազանքի» տեսության, ձգտում էր Վրաստանում «երկրորդ ճակատ» բացել։
Պատժամիջոցների ներդրումից հետո «շանտաժի գործիքը վերջնականապես խլվեց նրանց ձեռքից»,-հավելել է Կոբախիձեն։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ «իրոք հույս ունի», որ «իրավիճակը կփոխվի այլ ուղղությամբ»։





























