Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը շագանակագեղձի հեռացման վիրահատության կենթարկվի, հայտնում է The New York Times-ը։

Ըստ լրատվամիջոցի, այս շաբաթվա սկզբին նրա մոտ միզուղիների վարակ է ախտորոշվել:

Չորեքշաբթի օրը 75-ամյա Նաթանյահուն բուժզննում է անցել Հադասսա հիվանդանոցում և նրա մոտ ախտորոշվել է վարակ, որն «առաջացել է շագանակագեղձի բարորակ մեծացման պատճառով», ասվում է նրա գրասենյակի հաղորդման մեջ։

Հաղորդվում է նաև, որ նա մի քանի օր հաջողությամբ բուժվել է հակաբիոտիկներով:

Մեծացած գեղձի պատճառով առաջացած բարդությունը հաջորդել է առողջական մի շարք այլ խնդիրների․ մարտին Իսրայելի վարչապետը ճողվածքի հեռացման վիրահատություն էր տարել։

Նաթանյահուն նաև անսպասելիորեն հոսպիտալացվել էր 2023 թվականին ուշագնացությունից հետո․ այն ժամանակ նրա մոտ կարդիոստիմուլյատոր էին տեղադրել։ Բացի այդ, 2013 թվականին նա ճողվածքի հեռացման իր առաջին վիրահատությանն էր ենթարկվել։