Հունվարի 1-ից Ռումինիան և Բուլղարիան վերջնականապես կմիանան Շենգենյան գոտուն որպես լիիրավ անդամներ՝ Եվրամիությանն անդամակցելուց 18 տարի անց:

Ընդամենը հաշված օրեր են մնացել Ռումինիայի, Բուլղարիայի և Շենգենյան գոտու իրենց հարևանների միջև սահմանների բացմանը, ինչը երաշխավորում է ԵՄ հարյուր միլիոնավոր քաղաքացիների ազատ տեղաշարժը, գրում է Euronews-ը։

Բուխարեստի և Սոֆիայի երկար ճանապարհորդությունը դեպի Շենգեն ավարտվեց դեկտեմբերի 12-ին, երբ Եվրամիության խորհուրդը հայտարարեց ցամաքային սահմաններում հսկողության վերացման մասին։

Եվրահանձնաժողովը դեռ 2011-ին հայտարարեց, որ երկու երկրներն էլ պատրաստ են միանալ Շենգենին, սակայն անդամակցությունը արգելափակեց Ավստրիան։ Վիեննայում մտավախություն կար, որ նոր անդամները չեն կարողանա արդյունավետ պայքարել անօրինական միգրացիայի դեմ։

Նոյեմբերի վերջին Բուդապեշտում կայացած հանդիպման ժամանակ վետոն վերջնականապես հանվեց։

Օդային և ծովային սահմանի ստուգումները չեղարկվեցին այս տարվա սկզբին, բայց դա վարորդների, մասնավորապես բեռնատարների կյանքը չհեշտացրեց, որոնք շարունակում էին ժամեր անցկացնել խցանումների մեջ՝ Հունաստան կամ Հունգարիա մուտք գործելով:

Ավելին, նույնիսկ հունվարի 1-ից ոչ բոլոր խոչընդոտներն են անցյալում մնալու. պատահական փաստաթղթերի ստուգումները կշարունակվեն առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում։

Շենգենյան գոտին՝ եվրոպական ինտեգրման ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը, ներկայումս ընդգրկում է 29 երկիր և գրեթե 450 միլիոն մարդ։