Զիմբաբվեն պաշտոնապես վերացրել է մահապատիժը։ Համապատասխան օրինագիծը ստորագրել է երկրի նախագահ Էմերսոն Մնանգագվան, որը 2017 թվականից հրապարակայնորեն դեմ է հանդես գալիս մահապատժի կիրառմանը։

Նոր օրենքը ոչ միայն արգելում է հանցագործներին մահապատժի դատապարտել, այլև դատարաններին հանձնարարում է վերանայել արդեն մահապատժի դատապարտված բոլոր բանտարկյալների գործերը, գրում է Euronews-ը։ Ըստ գնահատականների, նրանք մոտ 60-ն են։ Փոխարենը կիրառվելու են այնպիսի պատիժներ, ինչպիսիք են ցմահ ազատազրկումը և երկարաժամկետ ազատազրկումը։

Ընդ որում վերջին անգամ Զիմբաբվեում մարդ է մահապատժի ենթարկվել գրեթե երկու տասնամյակ առաջ՝ 2005 թվականին, մասամբ այն պատճառով, որ ինչ-որ պահի ոչ ոք չի ցանկացել ստանձնել պետական ​​դահիճի պարտականությունը։ Մնանգագվան, իշխանության գալուց հետո, բազմիցս օգտագործել է իր նախագահական լիազորությունները՝ տարբեր բանտարկյալների մահապատիժները ցմահ ազատազրկման փոխարինելու համար։

Ներկայիս նախագահն ինքը մահապատժի է դատապարտվել 1960-ականներին Զիմբաբվեի անկախության պատերազմի ժամանակ գնացքը ռմբակոծելու համար, սակայն հետագայում դատավճիռը փոխարինվել է տասը տարվա ազատազրկմամբ։