Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որն ավելի վաղ հայտնել էր հրաժարական տալու մտադրության մասին, Միացյալ Նահանգների «հավատարիմ բարեկամն» էր։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։
«Վարչապետ Թրյուդոն եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ բարեկամը Կանադայի կառավարության ղեկին գտնվելու տասնամյակի ընթացքում: Որպես մերձավոր դաշնակիցներ, հարեւաններ եւ G7-ի անդամներ, մենք սերտորեն համագործակցել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնց առջեւ կանգնած են մեր երկրները եւ աշխարհը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երախտապարտ է Թրյուդոյին գործընկերության համար։
«Մենք աջակցում ենք վարչապետին եւ Կանադայի ժողովրդին իշխող Լիբերալ կուսակցության նոր առաջնորդի ընտրության եւ նոր կառավարության ձեւավորման հարցում», - ասել է Քարինե Ժան-Պիեռը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարին խնդրել են նաեւ մեկնաբանել Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Truth Social ցանցում, որ կանադացիներից շատերը իբր կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը: «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այն ամենը, ինչ պատրաստվում է ասել նորընտիր նախագահը։ Ինչպես գիտենք, այս վարչակազմին մնացել է երկու շաբաթ։ ԱՄՆ նախագահ [Ջո Բայդենը] պատրաստվում է կենտրոնանալ այն ամենի վրա, ինչ մենք անում ենք այսօր։ Ես պարզապես չեմ պատրաստվում մեկնաբանել այն ամենը, ինչ ասում է նորընտիր նախագահը»,- ասել է Քարինե Ժան-Պիեռը:





























