Տասը դանիացիներից ինը դեմ է Գրենլանդիան ԱՄՆ-ին հանձնելուն։ Այսպիսին է հանրության արձագանքը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը կղզու հանդեպ վերահսկողություն ստանալու ցանկության մասին, տեղեկացրել է Ritzau գործակալությունը՝ հղում կատարելով հարցման արդյունքներին, որն իրականացվել է հունվարի 6-7-ին Voxmeter սոցիոլոգիական ինստիտուտի կողմից։

Հարցվածների 89.2 տոկոսը պատասխանել է «ոչ», 4.5 տոկոսը դրական է արձագանքել գաղափարին, իսկ 6.3 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկան եւ բարձր 1 065 մարդ։

Թրամփն առաջին անգամ արտահայտել է իր հետաքրքրվածությունը Գրենլանդիան ձեռք բերելու հարցում, որը մեծ նշանակություն ունի Արկտիկայի անվտանգության ապահովման համար, դեռ 2019թԴանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենն այն ժամանակ «անհեթեթ» էր անվանել այդ միտքը, ինչը հանգեցրել էր Դանիա Թրամփի ծրագրված պետական ​​այցի չեղարկմանը:

Այս անգամ Ֆրեդերիկսենը դա ավելի դիվանագիտորեն է արտահայտել՝ հայտարարելով, որ «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին»։ «Իմ եւ կառավարության սկզբնական տեսակետը շատ պարզ է՝ Գրենլանդիայի ապագան որոշվում է Գրենլանդիայում»,- ասել է կառավարության ղեկավարը TV2 հեռուստաալիքի հարցազրույցում։

Գրենլանդիայի կառավարության ղեկավար Մյութե Էգեդեն դա ավելի կտրուկ է ասել. «Թույլ տվեք նորից կրկնել. Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին: Մեր ապագան ու անկախության համար պայքարը մեր գործն է»։

«Դանիացիները, ամերիկացիները եւ բոլորը կարող են ունենալ իրենց սեփական կարծիքը, բայց մենք չենք տրվի հիստերիկությանը եւ մատ թափ տալուն ուրիշների վրա: Որովհետեւ մեր ապագան մերն է, եւ մենք ենք որոշելու»,- նշել է նաեւ Էգեդեն։