Հայ որսորդների ազգային դաշինքում կա 10 հազար որսորդ, որոնց շարքում բազմաթիվ հայտնի գործարարներ, պետական եւ հասարակական գործիչներ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ որսորդների ազգային դաշինքի նախագահ Գրիգոր Գրիգորյանը` հավելելով, որ  միությունում ամեն տեսակի մարդիկ կան. «Համարյա ամբողջ Կառավարական ապարատը, Ազգային ժողովն ընդգրկված է որսի մեջ: Նախագահը, վարչապետը ակտիվ որսորդ չեն, մանավանդ այս քաղաքական լարված ժամանակաշրջանում հազիվ թե ժամանակ ունենան իրենց հաճույքներով զբաղվելու: Երկրորդ նախագահը շատ լավ որսորդ է, կարծեմ մինչեւ հիմա էլ գնում է»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը: Նրա խոսքով` ամենահին որսորդներից է Սահմանադրական դատարանի անդամների, հայտնի գործիչ Մանուկ Թոփուզյանը:

Որսսորդների ազգային դաշինքի անդամ լինելու համար պետք է վճարել 4800 դրամ, բայց հիմնական ծախսը կապված է զենքի, զինամթերքի, որսի աքսեսուարների հետ: Օրինակ` որսորդական հրացանը կարելի է գնել 100-200 հազար դրամով:

Մեզանում որսորդական դասընթացներ չեն կազմակերպվում, բայց Գրիգոր Գրիգորյանի խոսքով, միություն ընդունվելիս, մինիմալ բաներ սովորում են: Նա խորհուրդ է տալսի որսորդներին  հրացանը լիցքավորված չպահել մեքենայում:

Ի դեպ, եթե նախկինում որսորդությունը կենսունակությունը պահելու միջոց էր, ապա այժմ այն սպորտաձեւ է կամ  հաճույքի միջոց: