Կիրակի երեկոյան Բելգիայում սկսվել է համընդհանուր գործադուլ՝ ընդդեմ կենսաթոշակների եւ սոցիալական նպաստների 3 մլրդ եվրոյով կրճատման։ Ըստ թագավորության երեք խոշորագույն արհմիությունների՝ բողոքի ակցիան կտեւի 24 ժամ։
Գործադուլին մասնակցելու մասին արդեն հայտարարել են ուսուցիչները, հասարակական տրանսպորտի, երկաթուղու եւ օդանավակայանների աշխատակիցները, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցները եւ բեռնակողները, ինչպես նաեւ բանտապահները, փոստատարները, հրշեջները եւ կոմունալ ծառայությունների աշխատակիցները։ RTBF հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքային տրանսպորտը գործնականում չի աշխատի, յուրաքանչյուր երեք միջքաղաքային գնացքներից եւ ավտոբուսներից երթեր է իրականացնելու միայն մեկը, չեղարկվել է թռիչքների մոտ 70 տոկոսը։
Թագավորության ոստիկանությունը խորհուրդ է տվել չերթեւեկել Բրյուսելում մեքենայով, քանի որ քաղաքում մեծ խցանումներ են սպասվում։ Բացի այդ, քաղաքի կենտրոնը կփակվի բողոքի ակցիացի համար, որին, արհմիությունների տվյալներով, կմասնակցի 50-100 հազար մարդ։ Ցույցը թույլատրվել է քաղաքային իշխանությունների կողմից։
Բողոքի ակցիան հրահրել են երկրի բյուջեում սոցիալական հատկացումները տարեկան 3 մլրդ եվրոյով կրճատելու ծրագրերը, որոնք պատրաստել է վարչապետի թեկնածու, «Նոր ֆլամանդական դաշինք» աջակողմյան կուսակցության նախագահ Բարտ դե Վեւերը։ Նա, մասնավորապես, աջակցում է երկրի ռազմական ծախսերի ավելացմանը։




























