Հնդկաստանի տարբեր վայրերից միլիոնավոր հինդուիստ հետևորդներ և միստիկներ երկուշաբթի օրը հավաքվել են հյուսիսային Փրայագրաջ քաղաքում՝ մեկնարկելու Մահա Կումբհա փառատոնը, որը հայտնի է որպես աշխարհի ամենամեծ կրոնական միջոցառում, գրում է The Associated Press-ը։
Հաջորդ վեց շաբաթների ընթացքում հինդուիստ ուխտավորները կհավաքվեն երեք սրբազան գետերի՝ Գանգեսի, Յամունայի և առասպելական Սարասվատիի միախառնման վայրում, որտեղ նրանք կմասնակցեն բարդ ծեսերի՝ հուսալով սկսել ճամփորդություն դեպի հինդուիստական փիլիսոփայության վերջնական նպատակը՝ վերամարմնավորումների շղթայից ազատմանը։
Հինդուիստները պաշտում են գետերը, հատկապես Գանգեսը և Յամունան։ Հավատացյալները հավատում են, որ նրանց ջրերում լողանալը կմաքրի իրենց անցյալի մեղքերից և կդնի վերամարմնավորման գործընթացի վերջը, հատկապես բարենպաստ օրերին։ Ամենաբարենպաստ օրերը լինում են 12 տարին մեկ անգամ՝ Մահա Կումբհա Մելա կամ սափորների փառատոնի ընթացքում։
Փառատոնը երեք սրբազան գետերի միախառնման վայրում հինդուիստ սադհուների կամ սուրբ մարդկանց և այլ ուխտավորների կողմից ծիսական լոգանքների շարք է, որոնք կատարվում են առնվազն միջնադարից ի վեր։
Հինդուիստները հավատում են, որ առասպելական Սարասվատի գետը ժամանակին հոսել է Հիմալայներից դեպի Պրայագրաջ՝ այնտեղ միանալով Գանգեսին և Յամունային։ Լոգանքը կատարվում է ամեն օր, սակայն առավել բարենպաստ օրերին մերկ, մոխրով պատված վանականները արշալույսին ուղևորվում են դեպի սրբազան գետերը։
Շատ ուխտավորներ մնում են ողջ փառատոնի ընթացքում՝ պահպանելով ճգնակեցություն, ողորմություն բաժանելով և ամեն օր արշալույսին լոգանք կատարելով։

Հասանելի է
русскийՏեղադրություն




























