Կուրսկի շրջանում հյուսիսկորեացի զինծառայողներին հրամայվել է ինքնասպան լինել, եթե Ուկրաինայի Զինված ուժերի կողմից գերեվարվելու վտանգ սպառնա, հաղորդում է Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը (NIS): Գործակալության տվյալներով՝ հունվարի սկզբին ԿԺԴՀ-ից մոտ 300 զինվոր արդեն սպանվել է մարտերում, եւս 2700-ը վիրավորվել է։ Հյուսիսային Կորեայի ռազմական հետախուզության զանգվածային կորուստները բացատրվում են «պատերազմի ժամանակակից մեթոդների չըմբռնմամբ», ներառյալ հեռահար անօդաչու թռչող սարքերի վրա «անօգուտ» կրակոցներով:
Հոկտեմբերի կեսերին Ուկրաինան առաջին անգամ հայտնել էր Կուրսկի շրջան հյուսիսկորեացի զինվորներ ուղարկելու մասին: Այդ տեղեկությունն այնուհետ հաստատել են հարավկորեական հետախուզությունն ու Պենտագոնը։ Նրանց տվյալներով՝ խոսքը կարող էր լինել 10-12 հազար զինվորի մասին։
ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ հյուսիսկորեական զորքերը ռուսական բանակի կողքին մարտական գործողություններին սկսել են մասնակցել նոյեմբերի կեսերից։
Հունվարի 11-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել հյուսիսկորեացի առաջին զինվորներին։ «Սա հեշտ գործ չէր. սովորաբար ռուսները և հյուսիսկորեացի մյուս զինվորները սպանում են իրենց վիրավորներին և անում են ամեն ինչ, որպեսզի Ուկրաինայի դեմ պատերազմին մեկ այլ պետության՝ Հյուսիսային Կորեայի մասնակցության ապացույցներ չլինեն», - բացատրել է Զելենսկին։ Դրանից հետո Ուկրաինայի նախագահը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին առաջարկել է ռազմագերիներին փոխանակել ռուսական գերության մեջ գտնվող Ուկրաինայի զինված ուժերի զինվորների հետ։




























