Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Խոսքն այն կնոջ մասին է, ով դաժանաբար ծեծել եւ կտտանքների էր ենթարկել իր երկու նախկին հարսներին: Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը դիմել էր դատարանին` նախկինում նշանակված կալանքը վերահաստատելու միջնորդությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայկանուշ Միքայելյանի առերես հարցաքննությունը նախկին հարսների հետ:

Նշենք, որ «Հետքը» գրել էր, որ Հայկանուշ Միքայելյանը իր հարսին` Մարիամ Գեւորգյանին, ահավոր ծեծի էր ենթարկել, տանջել` արդուկով այրելով մարմնի տարբեր մասերը, կրակայրիչով վառել լեզուն, քաշել ու պոկել մազերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, կոտրել քիթը, անկյուն կանգնեցրել, արգելել լվացվել ու լողանալ: Մարիամի խոսքով` բացի ամուսնու եղբայրներից, մյուսները ծեծին մասնակցել են:

Սկեսուրը նույն անմարդկային վերաբերմունքին էր արժանացրել իր նախկին հարսին եւս: Նա եւս Մարիամի հետ դիմել է ոստիկանություն: Ինչ վերաբերում է Մարիամ Գեւորգյանի ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօր.-ի «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով: Քանի որ Դավիթ Զիրոյանին առաջադրված մեղադրանքը սահմանում է ոչ ավել, քան 3 տարվա ազատազրկում, քննիչի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է համաներում, եւ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նա ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հունվարից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Հայկանուշ Միքայելյանը հայտնաբերվել է ՌԴ-ում եւ դեկտեմբերի 12-ի երեկոյան էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան: Ի դեպ, եթե Մարիամի սկեսուրը մեղավոր ճանաչվի, ապա նա, ըստ Քրօրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների` կդատապարտվի ազատազրկման 5-ից 10 տարի ժամկետով: