ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի որոշել է դեմ գնալ ավանդույթին՝ օտարերկրյա առաջնորդներին հրավիրելով Ամերիկայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

Միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Սակայն Չինաստանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ փոխարենը երդմնակալությանը մասնակցելու է Չինաստանի նախագահի տեղակալ Հան Չժենը։ Մեկնաբանելով չինական կողմի որոշումը՝ գործակալությունը մատնանշում է, որ նախկինում «երդմնակալության առիթով ոչ մի պետության ղեկավար պաշտոնական այցով չի եկել ԱՄՆ»։

Մինչդեռ հրավերներ են ստացել նաև այլ պետությունների ղեկավարներ։ Մասնավորապես, Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին և Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին։ Ինչպես հայտնում է AP-ն, արարողությանը հրավիրվել են նաև Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան և Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան, ովքեր արդեն հաստատել են դրան մասնակցելու պատրաստակամությունը։ Բացի այդ,ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը Ճապոնիան առաջին անգամ կներկայացնի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

«Պետությունների ղեկավարներին երդմնակալության օրվան հրավիրելը նոր բան է», - Miami Herald-ին ասել է Արևելյան Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի պատմաբան Թոմաս Բալչերսկին: Նրա խոսքով, նման քաղաքական ավանդույթ զարգացավ մասամբ այն պատճառով, որ Միացյալ Նահանգների սկզբնական տարիներին մեծ ժամանակ կպահանջվեր, որպեսզի համաշխարհային առաջնորդներն արարողության համար գային երկիր։ 

«Մեկ այլ քաղաքական կետ, որը պետք է հիշել, այն է, որ պետության ղեկավարի այցը սովորաբար կարմիր գորգ գլորելու առիթ է: Դրան սովորաբար հաջորդում է համատեղ մամուլի ասուլիսն ու պետական ​​ընթրիքը։ Երդմնակալության օրը նման բան չի լինելու։ Թերևս դա է պատճառը, որ օտարերկրյա առաջնորդները հետաձգում են իրենց այցերը»,- հավելեց փորձագետը։

Ինչպես ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում ասել էր Թրամփի մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը, օտարերկրյա առաջնորդներին հրավիրելով՝ Թրամփը ցանկանում էր ցույց տալ, որ բաց երկխոսություն է վարում «ոչ միայն դաշնակիցների, այլ նաև հակառակորդների և մրցակիցների հետ»։