Ես քիչ առաջ խոսեցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, ակնկալում եմ, որ մենք միասին շատ խնդիրներ կլուծենք, և կսկսենք անհապաղ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփը՝ փոխանցում է CNN-ը։
Թրամփը ասել է, որ իրենք քննարկել են առևտրին, TikTok-ին առնչվող հարցեր և մի շարք այլ թեմաներ, և որ զրույցը «շատ օգտակար» է եղել երկու երկրների համար։
«Նախագահ Սին և ես կանենք հնարավորը, որպեսզի աշխարհը դառնա ավելի խաղաղ և ապահով վայր»։- նշել է նա։
Բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Սին բաց կթողնի Թրամփի երդմնակալությունը երկուշաբթի օրը: Փոխարենը արարողությանը կմասնակցի փոխնախագահ Հան Չժենը:
Սի Ցզինպինը Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել նոյեմբերին վերընտրվելուց հետո՝ ասելով, որ ԱՄՆ-ը և Չինաստանը «կշահեն համագործակցությունից և կկորցնեն առճակատումից» և հույս հայտնել, որ երկու երկրները կարող են գտնել «իրար հետ հաշտ լինելու» միջոցներ:





























