ԱՄՆ-ը ցուցադրել է հեգեմոնի եւ բռնակալի իր կերպարը՝ նորից Կուբային տալով ահաբեկչության հովանավոր երկրի կարգավիճակ, ճեպազրույցում երեքշաբթի ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից Կուբային տվել է ահաբեկչության հովանավոր երկրի կարգավիճակ՝ չեղարկելով իր նախորդի՝ Ջո Բայդենի վերջերս կայացրած որոշումը։
«Ինչպես նշել է (Կուբայի) նախագահ Դիաս-Կանելը, ԱՄՆ նոր կառավարության կողմից Կուբան ահաբեկչությունը հովանավորող երկիր ցուցակագրելու խաբուսիկ պրակտիկայի վերսկսման նպատակն է շարունակել դաժան տնտեսական պատերազմը Կուբայի դեմ՝ նրա նկատմամբ գերիշխանություն հաստատելու համար»,- ասել է Գո Ցզյակունը։
Նրա խոսքով՝ այդ քայլը ցույց է տալիս ԱՄՆ միակողմանի ցուցակների եւ կիրառման մեխանիզմների վարկաբեկումը:
«Ահաբեկչությունը հովանավորող երկրների, այսպես կոչված, ցուցակի կրկնակի օգտագործումը եւ Կուբայի դեմ միակողմանի պատժամիջոցների կամայական կիրառումը հակասում է փաստերին եւ չունի որեւէ հիմք եւ լիովին բացահայտում է Միացյալ Նահանգների հեգեմոնի եւ տիրակալի կերպարը», ասել է դիվանագետը։





























