Հնդկաստանը դրական է համարում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մտադրությունը՝ բանակցել ազատ առեւտրի երկկողմ համաձայնագրերի շուրջ՝ շուկա մուտքն ընդլայնելու համար: Այս մասին հայտնել է Business Standard թերթը՝ պաշտոնյաներին հղում կատարելով։

Ինչպես նշել է պարբերականը, Թրամփի կողմից ստորագրված առեւտրային քաղաքականության հուշագրի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը կբացահայտի այն երկրները, որոնց հետ կարող են համաձայնագրեր կնքվել երկկողմ կամ ոլորտային հիմունքներով՝ ապահովելու ամերիկացի աշխատողների, ֆերմերների, ծառայություններ մատուցողների եւ այլոց մուտքը արտահանման շուկա։

Հնդկաստանի առեւտրի նախարարությունը, ըստ թերթի, ուշադիր ուսումնասիրում է հուշագիրը եւ միջգերատեսչական խորհրդատվություններ է անցկացնում՝ ռազմավարություն մշակելու համար՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կառավարության հայտարարված մտադրությունների։ «Մենք ուսումնասիրում ենք հուշագիրը։ Այնտեղ նշված որոշ տարրեր դրական ազդեցություն կունենան Հնդկաստանի վրա։ Մենք կփորձենք բացահայտել այն ամենը, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր երկրի վրա»,- ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ Հնդկաստանը մտադիր է հետեւել զարգացումներին եւ «գործել միայն անհրաժեշտության դեպքում»։