Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հինգշաբթի կհայտարարի հարյուրավոր աշխատատեղերի կրճատման մասին, քանի որ պատրաստվում է վերակենտրոնացնել իր գործունեությունը «համաշխարհային թվային լսարանի» վրա: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ CNN-ն աշխատում է հեռուստատեսային հեռարձակման վերակազմակերպման և թվային բաժանորդագրության արտադրանքի ստեղծման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում CNN-ում աշխատում է մոտ 3500 մարդ։ Նշվում է, որ կրճատումները թույլ են տալիս հեռուստաընկերությանը նվազեցնել արտադրության ծախսերը: Բացի այդ, գումար խնայելու համար որոշ ծրագրերի արտադրությունը Վաշինգտոնից և Նյու Յորքից կարող է տեղափոխվել Ատլանտա (Ջորջիա):

NBC News-ը նաև ծրագրում է կրճատումներ կատարել առաջիկա օրերին, բայց դրանք ավելի փոքր կլինեն և կազդեն 50-ից քիչ աշխատակցի վրա, ասել են CNBC-ի աղբյուրները:

Հունվարի սկզբին The Washington Post-ը հայտարարեց, որ կկրճատի իր աշխատակիցների մոտ 4%-ը: 2024 թվականի նոյեմբերին ամերիկյան Associated Press գործակալությունը հայտնել է իր աշխատողների 8%-ին աշխատանքից ազատելու մտադրության մասին։