Ամերիկյան իշխանությունները կիրակի օրը Չիկագոյում (Իլինոյսի նահանգ) անօրինական միգրանտների մի շարք ձերբակալություններ են իրականացրել։ Այս մասին հայտնել է Chicago Sun-Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) ներկայացուցչին։
Գործողություններին մասնակցել են ոչ միայն ICE-ը, այլեւ ՀԴԲ-ն եւ արդարադատության նախարարույթան մի շարք գործակալություններ՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը, ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկների վերահսկման բյուրոն եւ Մարշալների ծառայությունը:
Անօրինական ներգաղթյալների դեմ շուրջկալներն իրականացվել են Թոմաս Հոմանի (պատասխանատու է Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանային անվտանգության եւ անօրինական ներգաղթյալների արտաքսման համար) եւ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բոուվի վերահսկմամբ:
Ձերբակալությունների թվի եւ այն տարածքների մասին, որտեղ դրանք իրականացվել են, դեռեւս չի հաղորդվել։ Ըստ թերթի աղբյուրի՝ ձերբակալությունները չեն ազդել եկեղեցիների եւ աշխատավայրերի վրա։
Հոմանը ավելի վաղ ասել էր, որ ապօրինի կերպով Միացյալ Նահանգներ մուտք գործած միգրանտներն ամեն օր կվտարվեն երկրից ռազմական ինքնաթիռներով։ Նա վստահություն է հայտնել, որ Թրամփը կհամոզի Լատինական Ամերիկայի երկրներին ընդունել արտաքսման թռիչքները։ Պաշտոնյան չի բացառել նաեւ դպրոցներում եւ բուժհաստատություններում քրեական անցյալ ունեցող ապօրինի ներգաղթյալների ձերբակալությունները՝ դա բացատրելով ազգային եւ հանրային անվտանգության կարիքներով։





























