ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն Ուկրաինային ստիպել են հրաժարվել միջուկային զենքից, բայց այն, թե ինչպես է Կիեւը դա արել, «բացարձակ բութ էր, անտրամաբանական եւ շատ անպատասխանատու»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եթե ես փոխեի էլ միջուկային զենքը, ապա կփոխեի մի ինչ-որ շատ ավելի ուժեղ բանով, ինչն իրապես կարող է կանգնեցնել ցանկացած հարձակվողի՝ չնայած իր մեծությանը, տարածքին, բանակին եւ այլն»,- ասել է Զելենսկին Il Foglio իտալական թերթի հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Կիեւին անհրաժեշտ էր միջուկային զենքը փոխանակել «անվտանգության իրական երաշխիքների» հետ, ինչը նախկինում եւ հիմա Ուկրաինայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Փոխարենը 1994-ին Կիեւը ստորագրեց Բուդապեշտի հուշագիրը, որով Ուկրաինան հրաժարվեց իր միջուկային զինանոցից՝ ԱՄՆ, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի անվտանգության երաշխիքների, ինչպես նաեւ երկրի անկախության, ինքնիշխանության եւ գոյություն ունեցող սահմանների նկատմամբ հարգանքի դիմաց։
Զելենսկին նշել է, որ այս հարցի վերաբերյալ իր տեսակետը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ես նրան ասացի, որ մենք միջուկային զենքը փոխեցինք պատերազմի հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Նրա խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ հասկանում է իրեն։ Մինչ այդ Զելենսկին բազմիցս քննադատել էր Բուդապեշտի հուշագիրը։ Նա ընդգծել է, որ Կիեւը դիմել է անվտանգության երաշխավորներին, երբ Ռուսաստանն օկուպացրել է Ղրիմը եւ Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների մի մասը, սակայն նրանք անտեսել են իրենց պարտավորությունները։ Այդ կապակցությամբ Զելենսկին Ուկրաինային տրված երաշխիքները անվանել է «դատարկ խոստումներ» եւ կոչ է արել «գտնել եւ բանտարկել» նրանց, ովքեր մտածել են այդ ամենը։





























