Հարյուրավոր պակիստանցի լրագրողներ երեքշաբթի օրը բողոքի ցույց են անցկացրել սոցիալական մեդիայի բովանդակությունը կարգավորմանն ուղղված առաջարկվող օրենքի դեմ, որը, ըստ նրանց, նպատակ ունի սահմանափակելու մամուլի ազատությունը և վերահսկելու թվային տարածքը, հաղորդում է Reuters-ը:

Օրենքը նախատեսում է կարգավորող մարմնի ստեղծում, որը կունենա իր քննչական մարմինը և դատարանները։ Սուտ տեղեկություններ տարածողներին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում և 2 միլիոն ռուփի տուգանք (7200 դոլար):

Պակիստանի լրագրողների դաշնային միությունը ցույցեր է անցկացրել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Իսլամաբադը, Կարաչին և Լահորը՝ պահանջելով կառավարությունից հետ կանչել օրինագիծը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից, բայց դեռ չի ստորագրվել նախագահի կողմից:

«Սա ուղղակի հարձակում է մամուլի ազատության վրա, - ասել է PFUJ-ի նախագահ Աֆզալ Բաթը Իսլամաբադում կայացած հանրահավաքում: - Մեր շարժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև օրենքը չեղարկվի»։

Պակիստանում թվային մեդիան արդեն արգելափակվել է հեռահաղորդակցության իշխանությունների կողմից ինտերնետի արագությունը դանդաղեցնելու միջոցառումների պատճառով, իսկ սոցիալական մեդիա X հարթակը արգելափակվել է ավելի քան մեկ տարի առաջ:

Մամուլի ազատությունը վերահսկող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը 2024 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների շարքում Պակիստանին հատկացրել է 152-րդ տեղը։

Կազմակերպությունը նշում է նաև, որ Պակիստանը լրագրողների աշխատանքի համար ամենավտանգավոր վայրերից է։ Անցյալ շաբաթ խորհրդարանը փոփոխություններ կատարեց օրենքում, որը հայտնի է որպես Պակիստանի՝ էլեկտրոնային հանցագործությունների մասին օրենք:

Կառավարությունը պաշտպանել է նոր կանոնները՝ ասելով, որ օրենքը ներդրվում է «կեղծ լուրերը արգելափակելու համար»: