Բրիտանացիների ավելի քան 50 տոկոսը պաշտպանում է մահապատժի վերադարձը Սաութպորտում երեխաների վրա հարձակման հեղինակ Աքսել Ռուդակուբանայի դատավճռի ֆոնին, որը սպանել է երեք երեխայի եւ անկարգությունների պատճառ դարձել ամբողջ երկրում, գրել է Times թերթը՝ հղում կատարելով More in Common վերլուծական կենտրոնի հետազոտությանը։
Ավելի վաղ դատարանը Ռուդակուբանային դատապարտել էր ցմահ ազատազրկման 13 մեղադրանքով՝ նվազագույնը 52 տարի ժամկետով։ Նախկինում նա դատարանում իրեն մեղավոր է ճանաչել երեք երեխաների սպանության, տասը մարդու սպանության փորձի, զենք պահելու, ռիցին արտադրելու եւ «Ալ-Քաիդայի» «նախապատրաստական ձեռնարկ» պահելու համար: Դատավճռի ֆոնին Մեծ Բրիտանիայի բարեփոխական աջակողմյան պատգամավորներ Ռուպերթ Լոուն եւ Լի Անդերսոնը կոչ են արել բանավեճ սկսել «բացառիկ հանգամանքներում» մահապատիժը վերականգնելու վերաբերյալ:
«Մահապատժի աջակցության զգալի աճ է գրանցվել այս թեմայով վերջին հարցումից հետո, որն անցկացվել է 2023թ. աշնանը։ Բնակչության ընդհանուր մասնաբաժինը, որը կարծում է, որ որոշ հանցագործությունների համար պետք է մահապատիժ սահմանվի, 50 տոկոսից հասել է 55-ի, ընդդիմացողների մասնաբաժինը 37ից նվազել է 32-ի»,- գրել է թերթը։
Հրապարակման համաձայն՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մահապատժի կողմնակիցների ամենից կտրուկ աճը նկատվել է 44-59 տարեկան բրիտանացիների շրջանում. այն կազմել է 16 տոկոսային կետ։ Միեւնույն ժամանակ, մահապատժի վերադարձին աջակցում է 60-74 տարեկան բրիտանացիների 58 տոկոսը եւ 75 եւ ավելի բարձր տարիքի բրիտանացիների 50 տոկոսը։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ Մեծ Բրիտանիայի բնակչության 70 տոկոսը պաշտպանում է մահապատիժը ահաբեկչություն կատարելու համար, իսկ բրիտանացիների 56 տոկոսը պաշտպանում է բռնաբարողներին մահապատժի ենթարկելը, նշել է պարբերականը։
Մահապատիժը Մեծ Բրիտանիայում չեղարկվել է 1998թ.. սակայն մինչ այդ էլ երկար տարիներ չի կիրառվել։ Վերջին մահապատիժն իրականացվել է 1964թ.։





























