Ֆիլիպիններում եղբայրական գերեզմաններ են փորում Washi փոթորկի հետեւանքով զոհված եւ ինքնությունը չպարզված անձանց դիակների համար:
Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների գործակալությունը չի հայտնում, թե դրանցում քանի մարդ կհուղարկավորվի, բայց Կարմիր խաչի տեղեկություններով` 652 մարդու մահը հաստատվել է, 800-ից ավելին անհետ կորած են համարվում: Խեղդվողների թվում շատ երեխաներ կան:
Ֆիլիպինների արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Բենիտո Ռամոսը եղբայրական գերեզմաններ փորելու որոշումը հիմնավորել է հիվանդությունների տարածումը կանխարգելելու անհրաժեշտությամբ, տեղեկացնում է Reuters-ը:
Արդեն դիակները տեղափոխելու համար հատուկ պարկեր են ստացվել, ինչպես նաեւ զոհվածներին հուղարկավորող բանվորների համար սնունդ եւ դեղորայք:
Իր հերթին BBC-ն տեղեկացնում է, որ փաթեթները, որոնցում թաղելու են ինքնությունը չպարզվածներին, նշումներ կունենան`վերաթաղման հնարավոր խնդիր ծագելու դեպքում:
Բանակի ներկայացուցիչ Ռոլան Ամարիլը հայտնել է, որ դիահերձարաններն այլեւս դիակ չեն ընդունում: Այնտեղի աշխատակիցները իրենք են խնդրում մարդկանց թաղել զոհվածներին, քանի որ դիահերձարաններում անգամ միջանցքներն են զբաղված:
Հիշեցնենք, Washi փոթորիկը Ֆիլիպիններում վրա է հասել դեկտեմբերի 17-ին: Ամենաշատը Մինդանաո կղզին է տուժել:



























