Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը, ով իր պաշտոնում նշանակվել է հունվարի 13-ին, առաջիկա 48 ժամվա ընթացքում կհրապարակի հանրապետության նոր կառավարության կազմը։ Այս մասին Al Hurra հեռուստաալիքին հայտնել է «Դեմոկրատական հանդիպում» դաշինքի պատգամավոր Մարվան Համադեն։
«24 նախարարներից բաղկացած կաբինետը կհամապատասխանի այն քաղաքական փուլին, որում գտնվում է Լիբանանը հունվարի 9-ին գեներալ Ժոզեֆ Աունի նախագահ ընտրվելուց հետո»,- ասել է նա։ «Վարչապետ Սալամի կողմից կառավարության ձևավորման չափանիշները կօգնեն հաղթահարել ճգնաժամը, նրա ընտրած կադրերը վայելում են լիբանանյան և միջազգային հանրության վստահությունը»:
Համադան նշել է նախարարների անունները, որոնք կզբաղեցնեն առանցքային պաշտոնները։ Այսպիսով, պաշտոնաթող գեներալներ Ահմեդ ալ-Հաջարն ու Միշել Մունսին կդառնան ՆԳՆ-ի ու ՊՆ-ի ղեկավարները, իսկ նախկին պատգամավոր Յասին Ջաբերը՝ ֆինանսների նախարար։ Սպասվում է, որ Նաջի Աբու Ասին կնշանակվի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։
Ինչպես հաղորդում է Asharq al Awsat թերթը, Թարեք Միտրին, ով ներկայացնում է Լիբանանի ուղղափառ համայնքը, կդառնա փոխվարչապետ։ 2012-ից 2014 թվականներին Միտրին եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և գլխավորել է Լիբիայում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը, որը 2017-ից 2020 թվականներին զբաղեցրել է Ղասան Սալամեն, ով նշանակվել է Մշակույթի նախարար:
Էկոնոմիկայի նախարարությունը կգլխավորի Ամեր ալ Բասատը, իսկ կրթության և շրջակա միջավայրի նախարարները կլինեն երկու կին՝ Ռիմա Քարամին և Թամարա ալ Զեյնը։ Ջո Սեդդին կնշանակվի էներգետիկայի և ջրային ռեսուրսների, իսկ Ֆայեզ Ռասամլին՝ հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար։





























