ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա 48 ժամում հեռախոսազրույց կունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիւիթը։

«Օվալաձեւ աշխատասենյակում նա ասել է, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում»,- նշել է Լիւիթը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ շփումները կարող են տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։ «Ինչ վերաբերում է Չինաստանին։ Մենք կխոսենք Չինաստանի հետ, հնարավոր է մոտակա 24 ժամվա ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ նախագահը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Փաստաթղթի համաձայն՝ Մեքսիկայից եւ Կանադայից ներմուծման համար սահմանվում է 25 տոկոս մաքսատուրք (10 տոկոս՝ Կանադայի էներգետիկ ռեսուրսների համար)։ Չինաստանից ներկրվող ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվում 10 տոկոսի չափով։ Ավելի ուշ Թրամփը մեկ ամսով կասեցրել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների մաքսատուրքերն այն բանից հետո, երբ նախագահ Կլաուդիա Շեյնբաումը համաձայնել է 10 000 մեքսիկացի զինվոր տեղակայել ԱՄՆ սահմանին, որպեսզի խստացվի պայքարը անօրինական ներգաղթի եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: