Մերձավոր Արեւելքում Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, հավանաբար, հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Նա բանակցություններ է վարել նաեւ Սաուդյան Արաբիայի եւ Կատարի ներկայացուցիչների հետ, հայտնել է Fox News-ը։
Fox News հեռուստաալիքի հաղորդավար Շոն Հենիթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվայում զրուցել է Պուտինի հետ։ Տեղեկացվել է, որ Սթիվ Ուիթքոֆը Պուտինի հետ խոսել է մոտ 3,5 ժամ:
Ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարը չի հստակեցրել, թե ինչ է քննարկվել այդ հանդիպման ժամանակ։ Սպիտակ տունը չի մեկնաբանել հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունը։
The New York Times-ը հայտնել է, որ Ուիթքոֆը Մոսկվա մեկնելուց առաջ զրուցել է Պուտինի ամենամոտ գործընկերների հետ։ Բանագնացը նաեւ մի քանի հանդիպումներ է ունեցել Կատարի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի պատերազմը։
Երեքշաբթի՝ փետրվարի 11-ին, Սթիվ Ուիթքոֆը հատուկ այցով եղել է Մոսկվայում։ Դոնալդ Թրամփի բանագնացն իր ինքնաթիռով տարել է ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելին։
Ռուսաստանում թմրանյութերի մեղադրանքով բանտարկված ամերիկացին ճաղերի հետեւում անցկացրել է 3 տարի։ Այդ ամբողջ ընթացքում նա պնդում էր, որ իր մոտ հայտնաբերված նյութերը բժշկական մարիխուանա են։
Ի վերջո, ԱՄՆ-ին եւ Ռուսաստանի Դաշնությանը հաջողվել է պայմանավորվել ամերիկացուն հայրենիք վերադարձնելու շուրջ։ Սպիտակ տունը չի հայտնել փոխանակման մանրամասները: Սակայն Թրամփը գործարքն անվանել է «շատ արդար, շատ խելացի»: Նախագահը նաեւ ասել է, որ Ֆոգելի ազատումը կարող է կարեւոր քայլ լինել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու ուղղությամբ։





























