«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերի 17-ին հացադուլ հայտարարած 30-ամյա Էմիլ Վերդյանը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2008թ. եւ դեկտեմբերի 7-ից եւ ավելի վաղ հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանը շարունակում են իրենց հացադուլը: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում փոխանցեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: «Առայժմ շարունակում են հացադուլը: Առողջական վիճակը բժիշկների կողմից բավարար է գնահատվում: Ավելին` գտնվում են բժիշկների ամենժամյա հսկողության տակ»,-ավելացրեց Գոռ Ղլեչյանը:

Ավելի վաղ NEWS.am- տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերի 17-ին, հացադուլ է հայտարարել եւս մեկ դատապարտյալ` 30-ամյա Էմիլ Վերդյանը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2008թ.: Նրան արդեն տեղափոխել են մենախուց: Նշենք, որ դատապարտյալն ավելի վաղ դիմել էր պատժամիջոցը վերանայելու խնդրանքով, սակայն Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 11-ին մերժել էր ցմահ բանտարկությունը կոնկրետ ժամկետով փոխարինելու դիմումը:  Բողոք ներկայացնելու համար Վերդյանին 10-օրյա ժամկետ էր տրվել, սակայն ՔԿՀ-ն վճռի օրինակը դատապարտյալին հանձնել էր միայն նոյեմբերի 21-ին: Վերաքննիչ դատարանն էլ մերժել է բողոքը` ներկայացման ժամկետների խախտման պատճառաբանությամբ, ինչից հետո Վերդյանը բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել: Էմիլ Վերդյանը գտնվում է նույն խցում, իսկ դեկտեմբերի 7-ից հացադուլի մեջ գտնվող Արթուր Մկրտչյանը: