Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք միասին անցել ենք բուռն փորձություններով եւ մարտահրավերներով լի ճանապարհ: Ձեր կատարած աշխատանքը մեծապես նպաստել է հայ-հունական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ տարբեր ուղղություններով»,- ասել է վարչապետը:

Իոաննիս Կորինթիոսը շնորհակալություն է հայտնել Կառավարության ղեկավարին՝ համատեղ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Երկուստեք կարեւորվել է տնտեսական ոլորտում համագործակցության հետագա զարգացման եւ գործարար կապերի սերտացմանն ուղղված աշխատանքների ակտիվացումը: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, որի վերջին նիստը տեղի է ունեցել 2006 թվականին:

Տիգրան Սարգսյանը դեսպանի միջոցով իր ջերմ ողջույններն է հղել Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսին եւ մաղթել նրան հաջողություններ հետագա  գործունեության մեջ: