Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականների թիմը հաջորդ շաբաթ կհանդիպի ռուսաստանցի պաշտոնյաների հետ՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ խաղաղ բանակցություններ սկսելու համար, հայտնում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին։

Ըստ աղբյուրների, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքում Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հանդիպման համար կմեկնեն Սաուդյան Արաբիա։

Ավելի վաղ Թրամփը առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սակայն հայտնի չէ, թե հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում ուկրաինացի պաշտոնյաները ներկա կլինե՞ն բանակցություններին։

Շաբաթ օրը Ռուբիոն խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ՝ շարունակելով Պուտինի հետ Թրամփի զրույցը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը նույնպես սպասվում է Սաուդյան Արաբիայում, սակայն դեռ պարզ չէ, թե երբ կկայանա նրանց հանդիպումը։

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը բարձր է գնահատել Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցը և երկու առաջնորդների հնարավոր գագաթնաժողովը:

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալմանը նույնպես պաշտպանել է ամերիկացի և ռուսաստանցի պաշտոնյաների միջև գործարքը։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր երկու պետությունների ղեկավարների հանդիպման հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների առաջիկա նախապատրաստությունների մասին, որը կարող է տեղի ունենալ արդեն փետրվարի վերջին Սաուդյան Արաբիայում։