Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա նիստում ռուսաստանյան կողմի հրավերով որպես զեկուցող հանդես կգա Pink Floyd-ի համահիմնադիր Ռոջեր Ուոթերսը։ Այս մասին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, փետրվարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկու հանդիպում կանցկացնի Ուկրաինայի հարցով։ Փետրվարի 24-ին՝ արևմտյան երկրների, իսկ փետրվարի 17-ին՝ Ռուսաստանի խնդրանքով։ Ռուսաստանը կազմակերպության նիստ է խնդրել Անվտանգության խորհրդի 2202 բանաձևի ընդունման 10-ամյակի կապակցությամբ, որը հաստատել է Մինսկի միջոցառումների փաթեթը։
Արևմտյան երկրների խնդրանքը պայմանավորված էր «աշխարհին Ուկրաինան մոռացության չտալու» ցանկությամբ, ավելի վաղ ասել էր Պոլյանսկին։
Ռոջեր Ուոթերսի նախորդ ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում եղել է 2023 թվականի փետրվարին։ Այն ժամանակ նա կոչ էր արել Ռուսաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին, ինչպես նաև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին փոխել ուղղությունը և պայմանավորվել հրադադարի շուրջ: Երաժիշտը դատապարտել էր ուկրաինական պատերազմը, սակայն ասել էր, որ դա «սադրանքի հետևանք է»: 2024 թվականի ամռանը ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռոջեր Ուոթերսին հրավիրել էր ելույթ ունենալ ռուսաստանցի զինվորականների առաջ։





























