Բրազիլիայի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղադրանք է առաջադրել հեղաշրջման փորձի մեջ, որը ներառում էր Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Այս մասին հայտնել է G1 պորտալը։
Բոլսոնարուն մեղադրվում է հանցավոր խմբավորում ստեղծելու, օրինական դեմոկրատական կարգը բռնությամբ տապալելու եւ պետական հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ պետության նախկին ղեկավարը գիտեր Լուլա դա Սիլվայի սպանության ծրագրերի մասին։ «Ծրագիրը ներկայացվել է հանրապետության նախագահին [այն ժամանակ Բոլսոնարուին], որը հավանություն է տվել դրան»,- պարբերականը մեջբերել է քաղվածք գլխավոր դատախազության որոշումից։
Գործով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 34 անձի։ Այժմ գլխավոր դատախազության որոշումը պետք է քննարկի Գերագույն դատարանը։



























