ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելան թշնամի է անվանել եւ ասել, որ չի ցանկանում, որ ամերիկյան ընկերությունները շարունակեն նավթ գնել նրանից։

«Մենք դժվար դրության մեջ էինք դրել Վենեսուելային։ Թվում էր, թե ամեն ինչ շատ լավ կլինի»,- երեքշաբթի ասել է Թրամփը՝ խոսելով իր առաջին նախագահական ժամկետում Կարակասի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանման մասին։ «Իսկ հետո [ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենը եկավ եւ, ինչպես միշտ, փչացրեց ամեն ինչ։ Նրա օրոք նրանք սկսեցին միլիարդավոր դոլարների նավթ գնել [Վենեսուելայից]»,- ավելացրել է ԱՄՆ ներկա նախագահը Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում նոր հրամանագրերը ստորագրելիս:

«Ինչո՞ւ նրանք դիմեցին թշնամուն եւ նրան միլիարդավոր դոլարներ տվեցին»,- ընդգծել է Թրամփը՝ հավաստիացնելով, որ իր օրոք նման որոշում չէր կայացվի։ «Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը»,- ավելացրել է նա՝ ընդգծելով, որ նման գործարքներն անհրաժեշտ չեն, քանի որ ԱՄՆունի նավթի բավարար պաշարներ։ «Մենք ուսումնասիրում ենք այս ամբողջ իրավիճակը, թե ինչու է նա [Բայդենը] արել դա»,- կրկնել է Թրամփը՝ հասկացնելով, որ մտադիր է պարզել, թե ինչով է ղեկավարվել Վաշինգտոնի նախորդ վարչակազմը։

Հարցին, թե արդյոք նա մտադիր է շարունակել թույլ տալ ամերիկյան ընկերություններին, այդ թվում՝ Chevron-ին, նավթ գնել Վենեսուելայից, Թրամփը պատասխանել է. «Գուցե եւ ոչ։ Մենք այժմ դիտարկում ենք այդ հարցը»: