Պենտագոնը հայտնել է, որ ռազմական ղեկավարներին հանձնարարում է թվարկել 2026 ֆինանսական տարվա բյուջեի հնարավոր կրճատումները՝ ընդհանուր առմամբ, մոտ 50 միլիարդ դոլար, որը կվերաբաշխվի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության առաջնահերթություններին համապատասխան:

Բյուջեի վերանայումը կարող է նպաստել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի նախաձեռնություններին` ավելացնելու ներդրումներն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և կենտրոնանալ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի ամրապնդման վրա, ի թիվս այլ բարեփոխումների, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսսը ասել է, որ զինվորականները կպատրաստեն հնարավոր կրճատումների ցուցակը՝ վերանայելով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից պատրաստված բյուջեն:

«Կրճատումները կազդեն Բայդենի վարչակազմի կողմից հաստատված 2026 ֆինանսական տարվա բյուջեի 8%-ի վրա, որը կկազմի մոտ 50 միլիարդ դոլար, այնուհետև այդ միջոցները կուղղվեն նախագահ Թրամփի առաջնահերթություններին համապատասխանող ծրագրերին», - ասաց Սալեսսը:

Պենտագոնի տարեկան բյուջեն մոտ 1 տրիլիոն դոլար է։ Դեկտեմբերին նախագահ Ջո Բայդենը ստորագրեց օրենք, որը թույլատրում է 895 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսերը 2025 ֆինանսական տարվա համար, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին։