ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է, որ ինքը բաց կթողնի հաջորդ շաբաթ G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը Հարավային Աֆրիկայի Քեյփթաունում, հայտնում է Ամերիկայի ձայնը։
Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ֆինանսական առաջնորդների հերթական գագաթնաժողովը բաց թողնելու որոշումը խիստ անսովոր է ԱՄՆ ֆինանսների նախարարի համար, քանի որ Միացյալ Նահանգները ավանդաբար առաջատար դեր է խաղում G20-ի շրջանակներում ֆինանսական և դրամավարկային քաղաքականության համակարգման գործում:
Բեսենտը նշել է, որ չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին «Վաշինգտոնում ունեցած պարտավորությունների պատճառով»։ Նրա փոխարեն հանդիպմանը կմասնակցի ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Նա նաև ասաց, որ հույս ունի տեսնել իր միջազգային գործընկերներին Վաշինգտոնում՝ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հանդիպումների համար առաջիկա ամիսներին:
Հայտնի չէ, արդյոք ֆինանսների նախարարի բացակայությունը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր գագաթնաժողովի հետ։
G20 երկրները, որոնց թվում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և այլ զարգացած երկրներ, պատմականորեն անդրադարձել են համաշխարհային տնտեսության վրա ազդող հարցերի լայն շրջանակի:





























