Չինաստանի հետ լարվածության աճի պայմաններում անցյալ շաբաթ Ավստրալիայի ափերի մոտ նկատվել են երեք չինական նավ՝ ֆրեգատ, հածանավ և մատակարարման նավ: Դրա մասին Sky News-ին հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլեսը։
Ըստ նրա՝ չինական նավերը ճանապարհ են ընկել արևելյան ափի երկայնքով։ «Մենք ուշադիր հետևում ենք նավերին և կհետևենք դրանց յուրաքանչյուր քայլին», -ասել է Մարլեսը: Ավստրալիան Չինաստանին մեղադրել է իր զինվորականների «վտանգավոր» պահվածքի մեջ։ Այսպես, մի քանի օր առաջ չինական կործանիչը ազդանշանային հրթիռներ է արձակել Հարավչինական ծովում Ավստրալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի մոտ, գրում է գերմանական Bild պարբերականը։
Ի պատասխան Պեկինն ավստրալական ինքնաթիռին մեղադրել է «Չինաստանի ինքնիշխանությունը խախտելու և երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեջ»։
Չինաստանի և Ավստրալիայի միջև արդեն մի քանի տարի նմանատիպ միջադեպեր են տեղի ունենում։ Տարածաշրջանում օդային և նավարկելի երթուղիները տարեցտարի վիճելի են դառնում, ինչը հանգեցնում է լարվածության աճի: Չինաստանը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ ջրային տարածքին (այդ պահանջներից մի քանիսը Հաագայի մշտական արբիտրաժային դատարանն անօրինական է ճանաչել դեռ 2016 թվականին): Ջրային տարածքի մի մասին են հավակնում Բրունեյը, Ինդոնեզիան, Մալայզիան, Ֆիլիպինները և Վիետնամը:





























