Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ ինքը «լեւի» գազ է օգտագործել: «Անհիմն տվյալները ներկայացրել է գազի ծառայող, նախկին քաղաքապետ Վարդան Բարսեղյանը, ով նույնիսկ ծառայությունում իրավաբանական անձ չէ: Ներկայացված տվյալը հերյուրանք է, բանսարկություն: Չբավարարվելով տպագրված զրպարտիչ հոդվածով` նրանք չեն զլացել այդ նույն նյութը թռուցիկների տեսքով տարածել ողջ Վարդենիսով մեկ` չմտածելով, որ նման միջոցներով վարդենիսցիներին չեն կարող ապակողմնորոշել»,-ասաց քաղաքապետը` հավելելով, որ նախկին քաղաքապետը «մուտլիովկա» է անում:
Ի դեպ, նա ներկայացրել է նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ Մարտունիի ԳԳՄ-ի 20.12.2011թ. թիվ 170 տեղեկանքը, ըստ որի` Վարդենիսի քաղաքապետ Վալոդյա Խլոյանի կողմից գազասպառման խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել, այլ ընդհակառակը` թերթում նշված 3 տարվա ընթացքում նա վճարել է մոտ 1միլիոն դրամ գումար, եւ ներկա դրությամբ ունի կանխավճար 30 հազար դրամի չափով:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանն ու փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանն արդեն 3 տարի է, ինչ «լեւի» գազ են օգտագործում: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատել է նաև «Հայռուսգազարդ» ընկերության Վարդենիսի բաժանմունքի ղեկավար Վարդան Բարսեղյանը: Նրա խոսքերով` փոխքաղաքապետի տան հաշվիչի լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված է գողության փաստը, իսկ քաղաքապետի մասով` հաշվիչը դեռ փորձագետների մոտ է: «Ի դեպ, Վ. Բարսեղյանը, ով բացահայտել է գողությունը, Վարդենիսի նախկին քաղաքապետն է, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Ստեփան Բարսեղյանի եղբայրը»,-գրել է թերթը:




























