Երեւանում, սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդայի» գործով ձերբակալված 18 ամյա Քյարամ Ամոյանի մատնահետքերի, արյան ու քրտինքի փորձաքննությունը պարզել է, որ դրանք չեն համընկնում այդ ավազակային հարձակումներն իրականացնողների թողած հետքերի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, ով նաեւ եզդի Ճակոյի քույրն է: Նա էլի մի քանի բացահայտումներ արեց մեզ հետ զրույցում, որը ներկայացնում ենք ստորեւ:

Տիկին Կարինե, մինչեւ ձերբակալվելը, ինչո՞վ էր զբաղվում Քյարամ Ամոյանը:

Քյարամս ընդամենը 18 տարեկան է: Դպրոցն աավարտելուց հետո ուսումը չի շարունակել եւ չեմ էլ թողել, որ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:  Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Տղաս առողջություն չուներ, որ ասեի գնա աշխատի: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանանոցում էր պառկած: Այս տվյալները կարող են եւ հիվանդանոցներից եւ օդանավակայանից ճշտել:

Ձեր որդուն ինչպե՞ս բերման ենթարկեցին: Կամ բերման ենթարկելու ընթացքում Դուք չհարցրեցի՞ք, թե ինչու են նրան տանում եւ ի՞նչ պատասխան ստացաք:

Ձերբակալումը անմարդկային ձեւով տեղի ունեցավ: Տեգորս 21 տարեկան տղան Ջերմուկում վթարի էր ենթարկվել եւ մահացել: Հուղարկավորության ժամանակ Արարատի գերեզմանոցում դեռ դիակը հողին չհանձնած, եզդիները գոռացին «տղուդ բռնեցին»: Մեկ էլ տեսնեմ տարածքը շրջապատել են տղայիս գցել են շալակները ու տանում են, նույնիսկ մարդասպաններին այդպես չէին տանի: Ես խփեցի գլխիս, ինձ կորցրել էի, բայց չէի հավատում, քանի որ գիտեի, որ որդիս  հանցագործ չի: Այդ ամենի հետ հանդերձ հոգուս խորքում հանգիստ էի համոզված լինելով, որ ինչ-որ թյուրիմացություն է: Իբր թե ինչ-որ մեկն ասել էր, թե Քյարամիս մոտ գազային ատրճանակ կա, բայց ամբողջ տունը խուզարկել են ոչինչ չեն հայտնաբերել: Ընդամենը երեխաներիս կնունքի խաչերն են տարել: Եթե իրենք ճիշտ մարդկանց են ձերբակալել ինչո՞ւ մինչ օրս գողոնը չի հայտնաբերվել, իսկ պաշտոնյաների տները շարունակվում են թալանվել: Եվ վերջապես, նման պայմաններում ի՞նչ իրավունք ունեն մարդուն պահել կալանքի տակ:

Իսկ ի՞նչ կապ ունեք «եզդի Ճակոյի» հետ, որովհետեւ այս գործով նշվում է, որ  «օրենքով գող» Ճակոն Քյարամ Ամոյանի քեռին է:

Նախ «ճակոն» գող չէ, նա պարզապես ամբողջ աշխարհով մեկ հարգված եւ ընդունված անձնավորություն է: Ամբողջ աշխարհը «Ճակոյին» ճանաչում է որպես մեծատառով մարդ: Նա սովածներին է պահել, Ղարաբաղին զենքով է օգնել, ծերանոցներ, մանկատներ, մանկապարտեզներ է պահել: Ի՞նչ նպատակ կար «Ճակոյի» անունը կապել այս դեպքի հետ: «Ճակոն» իմ հարազատ եղբայրն է, ում 1994թ-ին  Մոսկվայում խփեցին: Էս բանդաների մասին, որ խոսում են ու Ճակոյի անունը շրջանառում նույնիսկ լսողների համար ծիծաղելի է, որովհետեւ նա այդպիսի բաներ տանել չի կարողացել: «Ճակոն» բանկեր ուներ, Ավան-Առինջում ամառանոց է կառուցել, որ ոչ ոք դեռ տներ չուներ: Հիմա նույնիսկ ճակոյի երեխաները ցանկանում էին իրենց հոր անունը շրջանառելու համար ամենավերջին ձեւով պատիվ պահանջել:

Քյարամի հետ հանդիպե՞լ եք, նա իր մեղքն ընդունե՞լ է, թե` ոչ: (Զրույցին միջամտում է քույրը` Գայանե Ամոյանը):

Չէ ձերբակալությունից հետո մենք Քյարամին չենք տեսել: Մենք իր մասին փաստաբանի միջոցով ենք տեղեկանում: Նա այդ մեղադրանքը չի ընդունել, որովհետեւ մեղավոր չէ: Ճիշտ է եղբայրս ոչինչ չի պատմել, բայց մենք իմացել ենք, որ չկատարած հանցանքը ընդունելու համար նրա 4 մատները կոտրել են: Այնպես են ծեծել, որ 1 ամիս արյուն է միզել: Իսկ, երբ շորերը բերեցին, որ  լվամ, դրանք քամելուց արյուն էր ծորում: Ո՞վ է դրա համար պատասխան տալու, իսկ եթե գլխին խփեին, հեռու իրենց, չէր ապրի:

Իսկ մինչեւ այս ձերբակալությունները շփում ունեցե՞լ եք բանդայի գործով անցնողների եւ նրանց հարազատների հետ:

Չէ ոչ մի ձեւով: Աստծով եմ երդվում:

Լավ այս դեպքում բանդայի գործով ինչո՞ւ հենց այս թիմը ընտրվեց, ինչպե՞ս այն ձեւավորվեց: Դուք ինքներդ չե՞ք հարցնում: Տեսեք Ձեր տղայի անունը նաեւ մարտի 1-ի թալանի գործով էր անցնում:

Օրինակ, մեր եւ բոլոր քաղմասներից լավ տղաների անունները վերցրել են ու տարել հանձնել են վարչություն: «Լավ տղա» ասելով նկատի ունեմ, որ իր պատիվը բարձր է եղել բոլորի մոտ: Մտեք հարեւանների եւ տնօրինության շրջանում հետաքրքրվեք: Հարեւանների բնութագրում ասվում է, որ Քյարամը եղել է թույլերի պաշտպանը եւ անօգնականների ընկերը, իսկ դպրոցի տնօրինության բնութագրում ասվում է, որ  սաստել է համադասարանցիներին, եթե նրանք թույլ են տվել աշակերտներին ոչ վայել արարք: Սա Ալիկ Սարգսյանի ձեռքի գործն է, որ մեր նախագահի մոտ արդարանա, թե բանդա է բռնել, որ պաշտոնը բարձրացնեն, բայց Աստված իրան տեսանք, ոնց պատժեց: Ինչո՞ւ պաշտոնավորների տղաները այդքան շուտ առանց քննության դուրս թռան: Ինչո՞ւ հետո անմեղ մարդկանց բռնեցին, մեղավորներին դուրս թողեցին: Բայց ես հավատում եմ Վովա Գասպարյանի փորձառությանը, ով 14 տարվա վաղեմության գործեր բացահայտեց: Եվ լիահույս եմ, որ այս գործն էլ ինչպես մարտի 1-ի կեղծ մեղադրանքը, ապացույցներ չունենալով կփակեն:

Ի՞նչ պաշտոնյաների երեխաների մասին է խոսքը:

Ես չեմ ուզում դեռեւս այդ թեմայով խոսել:

Սույն գործով ի՞նչ նորություններ ունեք եւ ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել:

Նորությունն այն է, որ մեկ շաբաթ առաջ մեր փաստաբանը փորձաքննության արդյունքներն է ստացել, որ Քյարամիս քրտինքը, մատնահետքերը, արյունը չի համընկնում այդ  ավազակային հարձակումներ կատարողների հետքերի հետ, բայց դեռ նրան ազատ չեն արձակում: Ճիշտն ասած, առաջին հերթին մտածում եմ  երեխայի առողջական վիճակի մասին, որ վիրահատեն: Դիմել եմ նախագահի աշխատակազմին շատ լավ դիմավորել են 15 օր առաջ ասացին, որ կտեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, բայց մինչ օրս չեն տեղափոխում: Այնինչ մինչ օրս տղայիս անալգին, դիմեդրոլ են սրսկում եւ նա ամբողջ օրը սոված ծարավ պառկած է: Փաստաբանը ինչքան գնում է, ասում են, քնած ա, երբ գնում ա տղայիս խելքը գլուխը չի: Իբր ցանկանում են  Քյարամիս ցավերը հանգստացնեն, բայց փորձում են տղայիս  անջատելով ուրիշի մեղքը բարդել երեխայիս վրա: Իրական հանցագործները դրսում են:

Ինչ վերաբերում է այս գործով կատարվող քայլերին, ասեմ, որ ես մեր նախագահին շատ եմ սիրում ու հարգում: Քանաքեռ Զեյթուն համայնքի ձայները ես եմ տարել մեր նախագահին: Ես միշտ նախագահին հարգել եմ որպես մեծատառով մարդ ու դրա համար մինչեւ հիմա ուրիշ քայլերի չեմ դիմել: Բայց, եթե իմ երեխային առաջիկայում չտեղափոխեցին վիրահատվելու ու գրավի դիմաց ազատ չարձակեցին, մինչեւ դատավարություն իմ գերդաստանով, փոքր թոռներիցս սկսած վերցնելու եմ ու վառեմ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը