Ինդիանա նահանգի բնակիչը, որը մեղավոր է ճանաչվել 2022 թվականին Ինդիանապոլիսի կենտրոնում հոլանդացի զինվորի սպանության համար, երկուշաբթի դատապարտվել է 105 տարվա ազատազրկման, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով դատախազներին։

Ամբաստանյալ Շամար Դունկանը խոստովանել է, որ 2022 թվականի օգոստոսի 26-ին տեղի ժամանակով 3:30-ի սահմաններում, ծեծկռտուքից հետո կրակել է ատրճանակից, բայց ոչ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել:

Կրակոցի հետևանքով զոհվել է հոլանդացի կապրալ Սիմմի Պոետսեման, միաժամանակ վիրավորվել են Նիդերլանդների թագավորական բանակի երկու զինվոր: ԱՄՆ-ում գտնվող հոլանդացի զինվորները մոտակայքում ուսումնամարզական վարժանքների էին մասնակցում։

Երկուշաբթի Մարիոն շրջանի դատախազ Ռայան Միրսը մահացու հրաձգությունը որակել է «զենքի և ալկոհոլի թունավոր և ողբերգական համակցման ևս մեկ օրինակ»:

Զինվորները՝ հոլանդական Կոմանդոս կորպուսի անդամները, գնդակահարվել են հյուրանոցի մոտ, որտեղ նրանք հանգրվանել էին։

Հունվարին երդվյալ ատենակալները Դունկանին մեղավոր են ճանաչել սպանության, սպանության փորձի, ծեծկռտուքի և հասարակական կարգի խախտումների համար, վկայում են արձանագրությունները:

Դատախազ Դանիել Չիկկինին դատավարության ժամանակ հայտարարել է, որ Դունկանն այդ երեկո իր երկու եղբայրների հետ եղել է քաղաքի կենտրոնում, և նրանք վիճաբանության մեջ են մտել և կռվել զինվորների հետ, որոնք լավ պատրաստված էին և հաղթել են։

Ըստ դատախազի՝ Դունկանը հեռացել է, սակայն ավելի ուշ վերադարձել է և կրակ բացել նրանց վրա։

Դունկանն ի պաշտպանություն իրեն ցուցմունք տալիս հայտարարել է, որ ինքը կրակել է, բայց ոչ մեկին սպանելու մտադրություն չի ունեցել, հաղորդում է Ինդիանապոլիսում NBC-ի մասնաճյուղ WTHR-ը: Նա ցուցմունք է տվել, որ ծեծկռտուքից հետո «ուղղակի թեթևակի բարկացած է եղել»։

Դունկանի փաստաբան Դեյվիդ Մարգերումը պնդել է, որ երբ  Դունկանը 9 մմ-անոց տրամաչափի ատրճանակից կրակել է հյուրանոցում, գիշերը խմելուց հետո, նա «դա արել է կույր ցասման մեջ» և ժամանակ չի ունեցել հստակ դիտավորություն կազմելու համար:

Սպանության մեղադրանքով Դունկանը դատապարտվել է 60 տարվա ազատազրկման, սպանության փորձի համար՝ 35, իսկ ծեծկռտուքի համար՝ 10 տարվա ազատազրկման։ Բոլոր մեղադրանքները նշանակվել են անընդմեջ կամ մեկը մյուսի հետևից պատիժը կրելու, որն, ըստ դատական ​​փաստաթղթերի, կազմում է 105 տարի: