Ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը` Ֆրանսիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովրդավարական արժեքների կրողն է եւ չի հանդուրժի Թուրքիայի վարած ժխտման քաղաքականությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այդ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ 21-րդ դարում ժխտման եւ ռասիզմի քաղաքականությունը պետք է արժանի պատասխան ստանա. «Դա պատասխան էր Ֆրանսիայի հանդեպ պաշտոնական Անկարայի վարած շանտաժի քաղաքականությանը: Օրենքի ընդունումը կարող է օրինակ ծառայել շատ առաջադեմ ժողովրդավարական երկրների համար, քանի որ նոր ցեղասպանությունների իրականացումը կանխելու հիմնական գրավականն է»:
Փոխնախագահի խոսքով, օրենքի ընդունումը նաեւ Հայաստանի ճիշտ քաղաքականության հետեւանքն է, ապացույցը Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարձր մակարդակի:
Շարմազանովը նկատել է, թե կան բոլոր հիմքերը պնդելու, որ Ֆրանսիայի Սենատը կընդունի օրինագիծը. «Ես հետեւել եմ Ֆրանսիայի խորհրդարանում ընթացած քննարկումներին, եւ, ակնհայտ էր, որ ֆրանսիական հասարակության մեծ մասը հանդես է գալիս տվյալ օրինագծի օգտին: Ֆրանսիան ցուցադրեց, որ հավատարիմ է համամարդկային մարդասիրական արժեքներին եւ պետք է դա ապացուցի նաեւ Սենատում»:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:




























