Դնեպրոպետրովսկի մարզի Չերկասկի շրջանում, որտեղ մարզվում էին ուկրաինացի զինվորականները, ռուսական հրթիռային հարձակման հետեւանքով Ուկրաինայի զինված ուժերի տասնյակ զինվորներ կարող էին զոհվել, մոտ հարյուրը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Միխայիլ Դրապատին եւ «Ուկրաինսկա պրավդա»-ի աղբյուրները։

Ռուսաստանը մարտի 1-ին «Իսկանդեր» համալիրով հարձակում է իրականացրել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկի զորավարժարանի (ուկրաինական անվանումը՝ Սամար) վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ ուկրաինական զինված ուժերի 157-րդ մեքենայացված բրիգադի զինվորականները ուսումնամարզական հավաք են անցկացրել օբյեկտում, եւ հարվածը հասցվել է շարք կանգնելու ժամանակ։

Մարտի 3-ին Դրապատին, որը նաեւ գլխավորում է «Խորտիցա» զորախումբը, իր Facebook-ում հաստատել է հարվածի մասին տեղեկությունը։ «Զորավարժարանում տեղի ունեցած ողբերգությունը թշնամու հարձակման սարսափելի հետեւանք է։ Պատերազմը պահանջում է արագ որոշումներ, պատասխանատվություն եւ անվտանգության նոր չափանիշներ, հակառակ դեպքում մենք կորցնում ենք ավելին, քան ունենք»,- գրել է նա։ Ցամաքային զորքերի ղեկավարը չի նշել զոհերի եւ վիրավորների թիվը, սակայն նշել է, որ ուկրաինացի զինվորականի մահվան պատճառ դարձած որոշումների կամ անգործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։ Ինչպես «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ, զորավարժարանում զոհերի թիվը կարող է հասնել մի քանի տասնյակի, իսկ վիրավորներինը՝ մինչեւ հարյուրի։ Կամավոր Սերգեյ Ստերնենկոյի խոսքով՝ ռուսական հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի «առաջնագծից 100-130 կիլոմետր հեռավորության վրա» ուսումնադաշտի վրա իրականացվել է հետախուզական անօդաչու թռչող սարքի ուղղորդումից հետո։ «Այն չեն խփել, քանի որ լիարժեք համակարգը դեռեւս չի գործում: «Վոստոկը» («Восток (Схiд») Ուկրաինայի ցամաքային զորքերի օպերատիվ կազմավորումն է։ Այն այժմ ամենավատ ցուցանիշն ունի անօդաչու թռչող սարքերի հակաօդային պաշտպանության իրականացման գործում: Նախկինում դրա հրամանատարն արգելել էր անգամ FPV-ով ուսումնական թռիչքները»,- գրել է նա։

Մեկ այլ կամավոր՝ Սերգեյ Ֆլեշը, նշել է, որ «պատասխանատու անձինք» անվտանգության անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել այն բանից հետո, երբ փորձարկման վայրում հայտնվել է ռուսական «Օրլան» անօդաչու թռչող սարքը։

Դրապատին նաեւ տեղեկացրել է ռազմական հակահետախուզության հետ կապված ողբերգության «անկախ ստուգման» մեկնարկի մասին, «որպեսզի ոչ մի մանրուք անուշադրության չմատնվի եւ մեղավորները հայտնի դառնան ու չկարողանան «խուսափել» պատժից։