Ուրբաթ կեսօրին իրականացված ուսումնամարզական թռիչքի ընթացքում Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ուսումնական ինքնաթիռ են իրար բախվել։ Բախման հետևանքով զոհվել է 4 օդաչու։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։
ՌՕՈՒ-ի տվյալներով՝ «SF-260» տիպի ինքնաթիռներն ուսումնական թռիչք էին իրականացնում Մանիլայից հարավ գտնվող Բատանգաս նահանգի Լիպա քաղաքի Ֆերնանդո ավիաբազայից: Երկու օդանավերն էլ ընկել են բազայի տարածքում։
Ինքնաթիռները ներառված են եղել յոթ մեքենայից բաղկացած խմբում. մյուս հինգը բարեհաջող վայրէջք են կատարել։ Կործանված երկու օդանավերի անձնակազմերի բոլոր չորս անդամներն էլ զոհվել են։
«Ֆիլիպինների ռազմաօդային ուժերը մեծարում են մեր զոհված օդաչուների ծառայությունն ու անձնազոհությունը», — ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Աղետի պատճառները պարզվում են։ Որպես նախազգուշական միջոց՝ քննության ընթացքում «SF-260» բոլոր ինքնաթիռների թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են։




























