ԱՄՆ-ը դադարեցրել է հետախուզական տեղեկատվության փոխանակումը Կիևի հետ, ինչը կարող է լրջորեն խաթարել ուկրաինացի զինվորականների՝ ռուսական զորքերին հարված հասցնելու հնարավորությունը, գրում է Financial Times-ը։

Այս քայլը հաջորդել է երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու որոշումից հետո և տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հարաբերությունների կտրուկ անկումից հետո:

ԱՄՆ հետախուզության հետ համագործակցությունը էական նշանակություն ուներ ռուսական ռազմական օբյեկտները հայտնաբերելու և թիրախավորելու Ուկրաինայի կարողության համար:

Որոշմանը ծանոթ երեք պաշտոնյաներ հաստատել են, որ Վաշինգտոնը սառեցրել է կապուղիները Կիևի հետ։

Թեև ԱՄՆ-ը միաժամանակ պաշտոնապես արգելել է իր դաշնակիցներին հետախուզական տեղեկություններ փոխանակել Ուկրաինայի հետ, երկու պաշտոնյաներ հայտարարել են, որ երկրի ներսում ակտիվներ ունեցողները, ըստ ամենայնի, կշարունակեն համապատասխան հետախուզություն փոխանցել Կիևին, հաղորդում է լրատվամիջոցը:

Բայց դա չի վերաբերում հրատապ և արժեքավոր հետախուզական տվյալներին, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են ռուսական շարժվող թիրախների դեմ ճշգրիտ հարվածներ հասցնելու համար:

Ուկրաինայի ռազմական հետախուզության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչպես կազդի ամերիկյան հետախուզության աշխատանքի կասեցումը պաշտպանության վրա:

«Մենք պլան Բ ունենք», - այս շաբաթվա սկզբին հայտարարել է ներկայացուցիչը: ԱՄՆ հետախուզության աջակցության չափը գաղտնի է, սակայն վերլուծաբաններն ասում են, որ դա Կիևին հնարավորություն է ընձեռել թշնամու տեղաշարժերի մասին օպերատիվ տեղեկություն ստանալ:

«Օպերատիվ մակարդակում, օրինակ, զորքերի տեղաշարժի մոնիտորինգում արբանյակները մեծ օգնություն են ցուցաբերում, իսկ ԱՄՆ-ի հնարավորություններն իսկապես կարևոր են»,- ասել է ուկրաինացի ռազմական փորձագետ Միխայլո Սամուսը։

ԱՄՆ հետախուզությունը միաժամանակ կարևոր դեր է խաղում ռուսական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից ուկրաինական քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա գրոհների վերաբերյալ վաղաժամ նախազգուշացման հարցում:

ԱՄՆ հետախուզությունը թերևս ամենակարևոր դերն է խաղացել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների վրա ճշգրիտ հարվածներ հասցնելու գործում:

«Անշարժ թիրախները, մասնավորապես՝ ֆաբրիկաներից կամ նավթավերամշակման գործարաններից ինքներս կարող ենք գլուխ հանել», - ասում է ուկրաինացի ռազմական վերլուծաբան Պավլո Նարոժնին: Բայց մեզ հաջողվեց հարված հասցնել հրամանատարական կենտրոններին, սպանել գեներալների, և դա, ըստ ամենայնի, արվել է ամերիկյան հետախուզության օգնությամբ»: