«Հիմնականում երկու ուղղություն է կարգավորվում այս նախագծով, երկուսն էլ վերաբերվում են դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերին: Առաջինի դեպքում մենք որոշակի բարեփոխումներ ենք նախատեսում արդեն իսկ գործող էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի շրջանակում տարբեր ասպեկտներով: Երկրորդ մասով փոփոխությունները եւ լրացումները նախատեսվում են նոր՝ խորհրդատվական մարմնի ձեւավորման տեսքով»։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը՝ ներկայացնելով  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

«Դա դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերով խորհրդատվական հանձնաժողովի ձեւավորումն է: Դատավորներն այսուհետ հնարավորություն կունենան դիմելու խորհրդատվական հանձնաժողովին եւ ստանալու առանձին դեպքերում կոնկրետ եզրակացություններ»,–ասաց նա։

Նշենք, որ հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումներ համարելով խնդրահարույց, եւ համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը, ինչպես նաեւ կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացմանը։

Դավիթ Ղարիբյանի խոսքով՝ խորհրդատվական հանձնաժողովում, ինչպես էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում է, նախատեսում են, որ ընդգրկվածությունը ներառական լինի։

«Այս պահին նախագծով նախատեսել ենք ունենալ 5 անդամ, որոնցից 3-ը կնշանակվեն դատական համակարգից, իսկ 2-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից»,–նշեց նա։

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ մի քանի դիտարկումներ ունեն։

«Այս պահի դրությամբ թե գործող օրենսգրքով եւ թե նախագծով ո՛չ դատավոր անդամներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այսինքն, դատավորներն ընտրում են հանձնաժողովի կազմում ընդգրկված թե դատավոր անդամներին, թե ո՛չ դատավոր անդամներին: Ըստ էության, հանձնաժողովի ամբողջ կազմը ձեւավորվում է դատավորների կողմից: Մենք շատ լուրջ ռիսկեր ենք տեսնում այստեղ, մեր մտահոգություններն ու առաջարկները հիմնավորվում են նաեւ միջազգային լավագույն փորձով եւ չափանիշներով, Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ կարծիքներով, որոնք հանգում են նրան, որ դատական կորպորատիվիզմի ռիսկերը կանխարգելելու, նվազեցնելու եւ միաժամանակ այդ հավասարակշռումը՝ մի կողմից հանձնաժողովի անկախությունը, մյուս կողմից՝ թափանցիկությունը, հանրային հաշվետվողականությունը, վերահսկողությունն ապահովելու նպատակով, պետք է լինի հանձնաժողովի հավասարակշռված կազմ հանձնաժողովի ներսում: Եվ այդ հավասարակշռումը ոչ միայն ենթադրում է դատավոր եւ ո՛չ դատավոր անդամների ներկայությունը, այլեւ ընտրության կարգի տարբերակումը: Դատավոր անդամները պետք է ընտրվեն դատավորների կողմից, իսկ ոչ դատավոր անդամների ընտրությունը պետք է վերապահվի այլ անկախ մարմնի»,–ասաց նա։