Շուրջ 685 հազար օտարերկրյա քաղաքացի  օրինական հիմք չունի Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու համար, նրանց մասին տեղեկությունը տեղադրված է վերահսկվող անձանց ռեեստրում, հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, գրում է «Կոմերսանտը»։

Նա պարզաբանել է, որ ռեեստրի նպատակն է սահմանափակել Ռուսաստանի Դաշնությունում անօրինական բնակվող օտարերկրացիների թիվը և նրանց պարտավորեցնել օրինականացնել իրենց կեցությունը։

ՌԴ ՆԳՆ ղեկավարն ընդգծել է, որ օտարերկրացիները պետք է օրինականացնեն իրենց կեցությունը մինչև ապրիլի 30-ը։

«Մինչև ապրիլի 30-ը նրանք պետք է ներկայանան ՆԳ մարմիններ, օրինականացնեն իրենց կեցությունը, տրամադրեն անհրաժեշտ փաստաթղթեր, և միայն դրանից հետո կհանվեն ռեեստրից»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Վլադիմիր Կոլոկոլցևը նշել է, որ 2025 թվականին օտարերկրյա քաղաքացիների շրջանում հանցագործությունը նվազել է։

«Այս տարի մեր երկրում օտարերկրյա քաղաքացիների առկայությամբ պայմանավորված իրավիճակը չի վատթարացրել ընդհանուր իրավակարգի վիճակը, և նույնիսկ նրանց շրջանում որոշակիորեն նվազել է հանցավորությունը»,- հավելել է նա։

Վերահսկվող անձանց ռեեստրը սկսել է գործել փետրվարի 5-ից։ Այն պարունակում է տեղեկատվություն օտարերկրյա քաղաքացիների մասին, որոնք անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ռեեստրում հաշվառված անձինք ունեն սահմանափակ իրավունքներ. նրանց արգելվում է փոխել իրենց բնակության վայրը, գրանցել ամուսնություն, անշարժ գույք կամ տրանսպորտային միջոցներ: Տուգանքներ են նախատեսված նաև իրավաբանական անձանց համար, որոնք ծառայություններ են մատուցում կամ աշխատանքի են ընդունում նման միգրանտներին։