Կանադայի զինված ուժերը երկրի կառավարությանն առաջարկում են ԱՄՆ-ից գնել HIMARS մի քանի հրթիռային կայաններ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին՝ հյուսիսային հարևանը դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը, հայտնում է Ottawa Citizen-ը՝ վկայակոչելով պաշտպանական ոլորտի պաշտոնյաներին:

«Կանադայի զինված ուժերը ցանկանում են, որ լիբերալ կառավարությունը գնի ամերիկյան արտադրության HIMARS»,- գրում է հրատարակությունը։

Պարբերականի տվյալներով՝ Կանադայի զինված ուժերն առաջարկում են մի քանի HIMARS գնել ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքի (FMS) ծրագրի միջոցով։ Ակնկալվում է, որ գնման պայմանագիրը կկնքվի ոչ մրցակցային հիմունքներով։

Ottawa Citizen-ի այն հարցին, թե ինչու է Կանադայի կառավարությունը մտածում զենք գնել մի երկրից, որը սպառնում է երկիրն իրեն միացնել, Կանադայի պաշտպանության նախարարության խոսնակ Քենեդ Սադիկուն ասաց, որ կանադացի զինվորականներին զինելու որոշումները հիմնված են ազգային անվտանգության առաջնահերթությունների վրա: Սադիկուն ընդգծել է, որ երկրի կառավարությունը, այնուամենայնիվ, ուշադիր հետևում է Վաշինգտոնի հետ առևտրային հարաբերություններին և գնահատում է հնարավոր հետևանքները ընթացիկ նախագծերի համար։

Հրատարակությունը նշում է, որ կանադական ռազմական ղեկավարությունը սերտ կապեր ունի իր ամերիկացի գործընկերների հետ եւ չի ցանկանում իր ուշադրությունը շեղել ԱՄՆ-ից։