Սպիտակ տունը ամերիկացի զինվորականներին հրահանգել է տարբերակներ մշակել Պանամայում ամերիկյան զորքերի ներկայությունն ավելացնելու համար՝ հասնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքը «վերականգնելու» նպատակին, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյաների:

Անցյալ շաբաթ Կոնգրեսին ուղղված համատեղ ուղերձի ժամանակ Թրամփը հայտարարել է. «Մեր ազգային անվտանգությունն էլ ավելի ամրապնդելու համար իմ վարչակազմը կվերականգնի Պանամայի ջրանցքը»: Դրանից հետո վարչակազմի ներկայացուցիչները չեն ասել, թե ինչ է նշանակում «վերականգնում»:

Սակայն ԱՄՆ Հարավային հրամանատարությունը պոտենցիալ ծրագրեր է մշակում, որոնք տատանվում են Պանամայի զինվորականների հետ ավելի սերտ համագործակցությունից մինչև Պանամայի ջրանցքի ԱՄՆ-ի կողմից ռազմական վերահսկողության նվազ հավանական տարբերակը, ասում են պաշտոնյաները:

Իսկ ռազմական ուժի կիրառումը կախված է նրանից, թե Պանամայի զինվորականները որքանով  կհամաձայնեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ, նշել են աղբյուրները։

Թրամփի վարչակազմի նպատակն է մեծացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Պանամայում՝ նվազեցնելու համար Չինաստանի ազդեցությունն այնտեղ, մասնավորապես դեպի ջրանցքի հասանելիությունը, ասել են պաշտոնյաները:

Միևնույն ժամանակ, և՛ Պանաման, և՛ Չինաստանը հերքում են օտարերկրյա միջամտությունը 50 մղոնանոց ջրանցքին, որի չեզոքությունն ամրագրված է Պանամայի սահմանադրությամբ:

Ամերիկացի պաշտոնյաները NBC News-ին հայտնել են, որ ԱՄՆ Հարավային հրամանատարության հրամանատար, ծովակալ Էլվին Հոլսին այս շաբաթ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին ներկայացրել է ռազմավարության նախագծերը: Սպասվում է, որ հաջորդ ամիս Հեգսեթը կայցելի Պանամա: Պաշտոնյաները նախազգուշացրել են, որ Միացյալ Նահանգների ներխուժումը Պանամա քիչ հավանական է և լրջորեն կքննարկվի միայն այն դեպքում, եթե Պանամայում ընդլայնված ամերիկյան ռազմական ներկայությունը չհանգեցնի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ջրային ճանապարհը վերականգնելու նպատակը: